Սամվել Կարապետյանին կալանավորեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Հետո պարզվեց, որ իշխանությունն է մտադիր Սամվել Կարապետյանից վերցնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը»։
Իրադարձությունները զարգացան գլխապտույտ արագությամբ։ Ու նույն օրը պարզվեց, որ «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ մտնող «Պիցցա Տաշիր»-ը խախտում է սննդի անվանգության պայմանները։ 24 ժամվա ընթացքում կասեցվեց սննդի մի քանի կետերի գործունեությունը` Երևանում և մարզերում։ Հայաստանի ղեկավարը, երկրի գլխավոր քաղաքական ամբիոնից հայտարարեց, որ ՀԷՑ-ը շատ արագ կպետականացվի. այդ նպատակով օրինագիծ էլ կա։ Եթե նույնիսկ այդ օրինագիծն ապահովի Էլցանցերի պետականացման համապատասխանությունը Սահմանադրությամբ ամրագված սեփականության իրավունքին, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից վերցնելու Փաշինյանի «ծրագիրը» պարունակում է նաև տնտեսական և էներգետիկ ռիսկեր։
ՀԷՑ-ի բաժնետոմսերի մեծ մասը Կարապետյանների ընտանիքին է պատկանում, մյուս մասն էլ` Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությանը։ Սա նշանակում է, որ ՀԷՑ-ի հետ կատարվողը դառնում է ոչ միայն ներհայաստանյան, այլ նաև միջազգային նշանակության իրադարձություն դրանից բխող բոլոր հետևանքներով` Հայաստանի ներդրումային միջավայրի վարկանիշից սկսած մինչև դատական հնարավոր հայցերը։
ՀԷՑ-ի պետականացման ռիսկերի մասին Sputnik Արմենիան զրուցել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հետ։