ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հունիսի 18-ի երեկոյի տվյալներով՝ Իրանից Հայաստանի տարածք Ագարակի սահմանային անցակետով արդեն մուտք է գործել ավելի քան 600 Չինաստանի քաղաքացի։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Հայաստանում Չինաստանի դեսպանությունից։
Նշենք, որ Իրանից այլ երկրների քաղաքացիների տարհանումն իրականացվում է երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։