ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՌԴ–ն մեծ հարգանքով է վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ռուս-ամերիկյան հարաբերությունները վերականգնելու ձգտմանը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Պուտինի խոսքով՝ Թրամփի հետ հնարավոր հանդիպումը շատ օգտակար կլիներ, սակայն այն պետք է հանգամանորեն նախապատրաստվի և հանգեցնի կոնկրետ դրական արդյունքների։
ՌԴ նախագահը նշել է, որ Թրամփի նախագահության օրոք Ուկրաինայում հակամարտությունը հավանաբար չէր սկսվի։
«Նա բազմիցս ասել է` եթե ես նախագահ լինեի, այս պատերազմը (ռուս–ուկրաինական–խմբ.) տեղի չէր ունենա։ Կարծում եմ՝ այս հարցում նույնպես նա չի սխալվել», - հավելել է Ռուսաստանի ղեկավարը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։