«Լոկոմոտիվը» ավարտել է համագործակցությունը Հայաստանի հավաքականի խաղացող Սևիկյանի հետ

2022-ից մինչև 2023 թվականները Սևիկյանը վարձակալության իրավունքով խաղացել է «Նիժնի Նովգորոդ»–ում, որտեղ անցկացրել է 40 խաղ և դարձել ութ գոլի հեղինակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Մոսկվայի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին, որը վարձակալության իրավունքով տեղափոխվել էր հունգարական «Ֆերենցվարոշից»։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Սևիկյանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2024 թվականի սեպտեմբերին։ Նա ռուսական ակումբի կազմում անցկացրել է 20 խաղ և կատարել չորս գոլային փոխանցում։
Ավելի վաղ «Լոկոմոտիվի» գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեոնչենկոն լրագրողներին ասել էր, որ ակումբը չի գնի խաղացողին «Ֆերենցվարոշից» և չի երկարաձգի նրա վարձակալությունը։
«Կիսապաշտպանի հետ համագործակցությունն ավարտվել է վարձակալական պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով։ Խաղացողը կվերադառնա հունգարական «Ֆերենցվարոշ», - ասվում է «Լոկոմոտիվի» հայտարարության մեջ։
2022-ից մինչև 2023 թվականները Սևիկյանը վարձակալության իրավունքով խաղացել է «Նիժնի Նովգորոդ»–ում, որտեղ անցկացրել է 40 խաղ և դարձել ութ գոլի հեղինակ։