ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Անհայտ անձինք կոտրել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենայի կողապակին և հայելիները։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
«Քիչ առաջ հայտնաբերեցի, որ կոտրել են մեքենայիս դիմապակին և հայելիները։ Նախնական զննությամբ` ավտոմեքենայից գողություն չի կատարվել։ Այս արարքի նպատակների մասին այս պահին միայն կարող եմ ենթադրություններ անել»,– գրել է նա։
Պատգամավորը տեղի ունեցածի մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին և ակնկալում է արագ արձագանք և մեղավորների անհապաղ հայտնաբերում։
Հիշեցնենք` Գառնիկ Դանիելյանն ավելի վաղ ասել էր, որ իր մեքենան արդեն 5 անգամ թալանել են։ Փետրվարի 1-ին «Հրապարակ» թերթը գրել էր, որ պատգամավորի մեքենան թալանել, ապա փորձել են այրել։