Իսրայելի ռազմական թիրախներին և արդյունաբերական կենտրոններին նոր հարվածներ են հասցվել. ԻՀՊԿ

Նշվում է, որ հարվածները հասցվում են Հայֆային և Թել Ավիվին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Իրանը հարվածներ է հասցրել Հայֆայում և Թել Ավիվում գտնվող «ռազմական թիրախներին» և «ռազմական արդյունաբերության հետ կապված արդյունաբերական կենտրոններին»: Այս մասին ասվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։
«Իսրայելի Հայֆա և Թել Ավիվ քաղաքներում տեղակայված ռազմական արդյունաբերության օբյեկտների և արդյունաբերական կենտրոնների ուղղությամբ, հրթիռների և ԱԹՍ-ների ներգրավմամբ, կոմբինացված հարվածների նոր ալիք է սկսվել», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Հայֆայում և Թել Ավիվում Իսրայելի հակահրթիռային համալիրները խոցելու նպատակով հասցվող հարվածների նոր ալիքի ընթացքում ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է օգտագործվել: ԻՀՊԿ-ն նաև ընդգծում է, որ մտադիր է ընդլայնել Իսրայելի ռազմական թիրախների և ռազմական արդյունաբերության դեմ հրթիռային գործողությունները:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։