Իսրայելի ղեկավարությունը ՑԱԽԱԼ–ին հրամայել է ինտենսիվացնել Թեհրանի ուղղությամբ հարվածները

Իսրայել Կացը Իրանի գերագույն առաջնորդին մեղադրել է Իսրայելի հիվանդանոցներին և բնակելի թաղամասերին թիրախային հարվածներ հասցնելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ինքը և վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել են բանակին ինտենսիվացնել հարվածները Թեհրանի ռազմավարական և կառավարական թիրախներին։
Կացը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին մեղադրել է Իսրայելի հիվանդանոցներին և բնակելի թաղամասերին հասցվող թիրախային հարվածների մեջ։
«Դրանք ամենալուրջ ռազմական հանցագործություններն են։ Խամենեին պատասխանատվության է ենթարկվելու իր հանցագործությունների համար։ Վարչապետը և ես Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարել ենք ուժեղացնել հարձակումները Իրանում ռազմավարական և Թեհրանի կառավարական թիրախների վրա՝ Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու և այաթոլլաների ռեժիմն անկայունացնելու համար», – ասվում է X սոցցանցում հրապարակված հայտարարության մեջ։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։