«Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում կարծիք էր հայտնել, որ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը պետք է ազգայնացվի (պետականացվի)։
«Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»,-հավելել էր Փաշինյանը։ Այդ գրառումից հետո արդեն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը նշեց, որ ՀԷՑ-ին առնչվող համապատասխան օրինագիծը պատրաստ է։
Առնվազն հանրային տիրույթում այդպիսի փաստաթուղթ չի դրվել քննարկման։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեց մասնավոր ընկերությունների պետականացման կամ ազգայնացման դեպքեր, բայց ոչ Հայաստանում։
«Հայաստանում պետականացում նշանակում է «տալ Փաշինյանին»։ Իսկ դա նշանակում է, որ ՀԷՑ-ի ամբողջ անձնակազմը` մի քանի հազար մարդ ինտենսիվորեն աշխատելու է ՔՊ-ի համար։ Արագ կփոխեն անձնակազմը, ինչքան պատմաբան ու աշխարհագրագետ կա, կբերեն կնշանակեն գործի` որպես էլեկտրաէներգետիկայի մասնագետ, և մեծ էլեկտորատ կստանան ընտրություններից առաջ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել նախկին վարչապետը։