ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի իրավունքների խախտման վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի ռուսական ստորաբաժանման փոխնախագահ Իվան Մելնիկովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
Նա խնդրել է միջոցներ ձեռնարկել իրավապահ մարմինների կողմից հակաիրավական գործողությունների կատարումը կանխելու համար, աջակցել քաղաքացու և հավատացյալ քրիստոնյայի իրավունքների, մասնավորապես՝ խոսքի ազատության իրավունքի պահպանմանը և պաշտպանությանը, այդ թվում ՝ ապօրինի ձերբակալման փորձի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու միջոցով՝ նման խախտումներ հայտնաբերելու դեպքում:
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի, միջազգային իրավունքի այլ նորմերի և ՀՀ օրենքների համաձայն՝
անթույլատրելի է մտքի և կրոնի ազատության արտահայտման համար հետապնդումը,
արգելվում է կրոնական հիմքով խտրականությունը,
արգելվում է հետապնդումը խոսքի և ինքնարտահայտման ազատության,
անթույլատրելի է մասնավոր բնակարան չհիմնավորված ներխուժումը։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն է իրականացվել այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Գործարարի տան մոտից տասնյակ մարդիկ են տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։ Սամվել Կարապետյանն առայժմ ձերբակալված չէ։
Այդ հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ է արել։
Իրավիճակին արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է գործարար Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Մայր աթոռը իշխանություններին կոչ է արել դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը: