ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Իսպանացի հայտնի դերասան Խավիեր Բարդեմը ամերիկյան «Հայացք» հեռուստաշոուի շրջանակում խիստ քննադատել Է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածի նկատմամբ, ինչից հետո հաղորդումն ընդհատվել է գովազդով։ Տեղեկությունը հայտնում է «Daily Mail»-ը:
Շոուի շրջանակում արտիստը հայտարարել է, որ Գազայում իրավիճակը հասել է կրիտիկական կետի։ Նա խոստովանել է, որ ցավ և տառապանք է ապրում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով:
«ԱՄՆ–ի աջակցությամբ Իսրայելի կատարած գործողությունների և Եվրոպայի լռության պատճառով ստեղծվել է մի սցենար, որտեղ անպատժելիություն է տիրում»,– ընդգծել է Բարդեմը։
Նա համաձայնել այն փորձագետների հետ, որոնք Գազայում տեղի ունեցածը ցեղասպանություն են որակում։ Շոուի հաղորդավարուհի Վուպի Գոլդբերգը փորձել է ընդհատել դերասանին, սակայն նա հասցրել է ավարտել միտքը՝ կոչ անելով պահպանել մարդասիրությունը: Դրանից հետո շոուն կտրուկ ընդհատվել է գովազդով։
Հիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո մարտի 18-ի գիշերը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին:
Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնականապես դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։