ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Իրանի միջուկային օբյեկտները բնականոն աշխատում են Իսրայելի հարվածների ֆոնին։ Այս հայտարարությունն արել է երկրի փոխնախագահ և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Լավ է», – ասել է Էսլամին՝ պատասխանելով միջուկային օբյեկտներում տիրող իրավիճակի մասին հարցին
Նա հավելել է` միջուկային օբյեկտներում աշխատողների ոգին գերազանց է, և նրանք շարունակում են եռանդով աշխատել։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։