ԱԽ նիստերն այն պատճառով չեն, թե Սյունիքի հետ կապված վտանգ կա. Փաշինյան

ՀՀ վարչապետի խոսքով` ՀՀ–ն և Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի դրույթները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի նիստերը այն պատճառով չեն, թե Սյունիքի հետ կապված վտանգ կա։ Այդ մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պատասխանեց լրագրողի այն դիտարկմանը, որ վերջին շրջանում անվտանգության խորհրդի նիստեր շատ են հրավիրվում, արդյոք դա պայմանավորվա՞ծ է նրանով, որ Սյունիքում վտանգ կա։ ՀՀ վարչապետը նշեց, ո ԱԽ նիստեր հրավիրվում են պարբերաբար, որոնց մասին միգուցե հաղորդագրություններ չեն հրապարակվում։
«Այդ նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա. այդ հայտարարությունները ես համարում եմ սադրիչ ու պրովոկացիոն, չհիմնավորված և ՀՀ քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար»,– հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով` ՀՀ–ն և Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի դրույթները։