Այն ամենը, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ, ամոթալի է. ՀՀ նախկին վարչապետ

Տարիներ շարունակ Կարապետյանի ու իր ընտանիքի գործունեությունը կապված է եղել մեր հայրենիքի զարգացման հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Այն ամենը, ինչ այսօր կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր ցանկացածի համար, բայց նախ և առաջ մեր երկրի համար: Գրել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Տարիներ շարունակ նրա ու իր ընտանիքի գործունեությունը կապված է եղել մեր հայրենիքի զարգացման հետ, իր մշտական աջակցությամբ ներկա է եղել հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող բոլոր կարևորագույն իրադարձություններին»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն է իրականացվել այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Գործարարի տան մոտից տասնյակ մարդիկ են տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։ Սամվել Կարապետյանն առայժմ ձերբակալված չէ։
Այդ հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ է արել։
Իրավիճակին արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է գործարար Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Մայր աթոռը իշխանություններին կոչ է արել դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը: