Ուզում էին «маски-шоу» անել․ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է իր տան խուզարկությունը

Արդեն մի քանի ժամ է՝ Սամվել Կարապետյանի տան մոտ բազմամարդ է, հավաքվել են մեծ թվով քաղաքացիների, նաև՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik․ Պարզապես շոու էին ցանկանում անել։ «Russia Today»-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը իր տանն անցկացված խուզարկությունները։
«Ուզում էին «маски-шоу» անել ու ինձ ձերբակալել։ Իսկ հասարակ մարդիկ, որոնք հավաքվել էին բակում, հակահարված տվեցին»,- նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այս պահին փակ է այն փողոցը, որտեղ գտնվում է իր տունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրավապահները խուզարկություններ են իրականացնում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի` Երևանում գտնվող տանը, մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ոստիկանության բաժանմունք են տարել 45 մարդու։
Հիշեցնենք` խուզարկությունները սկսվեցին, երբ Սամվել Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու:
Կարապետյանն այսօր հայտարարել է, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Նա նաև նշել է` եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։ Այսօր Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի մի շարք գրառումներ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրառումներից րոպեներ անց խուզարկությունների մասին լուրերը տարածվեցին։