Սամվել Կարապետյանը ձերբակալված չէ. ՆԳՆ

Գործարարի եղբայրը հայտնեց, որ Սամվել Կարապետյանը տանն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը չի ձերբակալվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Գործարարի եղբայր Կարեն Կարապետյանն էլ հայտնեց, որ Սամվել Կարապետյանը տանն է:
«Նրան չեն ձերբակալել, բայց շուտով կձերբակալեն», – լրագրողներին ասաց նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրավապահները խուզարկություններ են իրականացնում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի` Երևանում գտնվող տանը, մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ոստիկանության բաժանմունք են տարել 20 մարդու։
Հիշեցնենք` խուզարկությունները սկսվեցին, երբ Սամվել Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու:
Կարապետյանն այսօր հայտարարել է, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Նա նաև նշել է` եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։ Այսօր Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի մի շարք գրառումներ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրառումներից րոպեներ անց խուզարկությունների մասին լուրերը տարածվեցին։
Հայաստանի իշխանությունը ցանկանում է քննարկել Կարապետյանին պատկանող ՀԷՑ–ի ազգայնացման հարցը