ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik․ Մոսկվան ուշադիր հետևում «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոսկվայում ուշադիր հետևում են ՌԴ քաղաքացի Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, ում Երևանում սպառնում են գրեթե ձերբակալել տարօրինակ պատրվակներով»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի, որպեսզի Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները պահպանվեն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրավապահները խուզարկություններ են իրականացնում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի` Երևանում գտնվող տանը, մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ոստիկանության բաժանմունք են տարել 20 մարդու։
Հիշեցնենք` խուզարկությունները սկսվեցին, երբ Սամվել Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու:
Կարապետյանն այսօր հայտարարել է, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Նա նաև նշել է` եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։ Այսօր Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի մի շարք գրառումներ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրառումներից րոպեներ անց խուզարկությունների մասին լուրերը տարածվեցին։