Մի խումբ մարդիկ բերման են ենթարկվել․ ՆԳՆ-ից՝ Սամվել Կարապետյանին առնչվող լուրերի մասին

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու գործող իշխանության մի շարք ներկայացուցիչներ, բառի բուն իմաստով, սպառնալի հայտարարություններ են արել Սամվել Կարապետյանի հասցեին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik․ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունն այս պահին օպերատիվ գործողություններ է իրականացնում, Սամվել Կարապետյանի տան մոտից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
«Մի խումբ անձինք բերման են ենթարկվել»,-հայտնեցին ՆԳՆ-ից՝ մեկնաբանելով մամուլում տարածվող տեղեկություններին, թե գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն է իրականացվում։
Մեր թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ոստիկանները էվակուատորով մեքենաներ են հեռացրել։ Կարապետյանի փաստաբանը հրաժարվում է մեկնաբանել:
Հավելենք, որ այս ամենը տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու: Այսօր Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի մի շարք գրառումներ է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրառումներից րոպեներ անց խուզարկությունների մասին լուրերը տարածվեցին։
Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտնեց, որ այս պահին սպասում են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների ժամանմանը։ Այլ մեկնաբանություններ հրաժարվեց տալ։