ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Մեր ընտանիքը բազմիցս է թիրախավորվել, բայց, ինչպես տեսնում եք, ոտքի վրա կանգնած ենք, ասաց Սամվել Կարապետյանի եղբայրը՝ արձագանքելով լրագրողի այն հարցին, թե Կարապետյանների ընտանիքը թիրախավորվել է երկրի թիվ մեկ անձնավորության կողմից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հատուկջոկատայինները խուզարկություններ են իրականացնում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի` Երևանում գտնվող տանը։
Հավելում է՝ Փաշինյանի մակարդակին չէ, որ նրա հետ նրա լեզվով խոսի, ինքն ուսուցչի տղա է։
«Ինչ ասվել ա, ճիշտ ա ասվել, դեռ քիչ ա ասվել»,-հայտարարեց Կարապետյանը։
«Դարպասների դեմից ում բռնել, տարել են։ «Բնականաբար, մեր բարեկամներին»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ում են բերման ենթարկել։
Ըստ Sputnik Արմենիայի թղթակցի՝ բերման ենթարկվածների թիվը մոտ 2 տասնյակ է։
Այս պահին Սամվել Կարապետյանի տան մոտ հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, նաև քաղաքական գործիչներ։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանն այսօր հայտարարել է, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Նա նաև նշել է` եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։ Այսօր Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի մի շարք գրառումներ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրառումներից րոպեներ անց խուզարկությունների մասին լուրերը տարածվեցին։