Կենտրոնական բանկը կրկին անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը վարկի գինն է, այսինքն` այն տոկոսադրույքը, որով բանկերը վարկային միջոցներ են վերցնում կարգավորիչից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է կրկին անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այս մասին հայտնում է ԿԲ–ի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` վերաֆինանսավորման տոկոսադրույքը փետրվարի 4–ից հետո չի փոխվել. փետրվարի 4-ին այն իջեցվել էր 0.25 տոկոսային կետով` սահմանվելով 6.75 %։
Նշենք, որ առևտրային բանկերը հարկ եղած դեպքում երբեմն իրենք էլ են ստիպված լինում վարկ վերցնել ԿԲ–ից` որպես վերջին ատյանի վարկատու։ Ուստի վերաֆինանսավորման տոկոսադրույքը վարկի գինն է, այսինքն` այն տոկոսադրույքը, որով բանկերը վարկային միջոցներ են վերցնում կարգավորիչից։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նաև ԿԲ–ի հիմնական գործիքն է ֆինանսական շուկայի և տնտեսության կարգավորման գործում։ Այդ տոկոսադրույքի բարձրացման կամ նվազեցման միջոցով ԿԲ–ն ազդում է նաև գնաճի վրա։