Իսրայելը չի ցանկանում գնալ Իրանի հետ հակամարտությունը կարգավորելու ճանապարհով. Պեսկով

Ռուսաստանը կոչ է անում Թեհրանին և Թել Ավիվին առավելագույն զսպվածություն ցուցաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսաստանն այժմ տեսնում է, որ Իսրայելն առնվազն չի ցանկանում Իրանի հետ հակամարտությունը լուծելու խաղաղ ճանապարհով գնալ և այդ հարցում դիմել միջնորդության։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գիտեք, որ ռուսական կողմը և մասնավորապես նախագահ Պուտինն ասել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի նման միջնորդական ծառայություններ մատուցել։ Այս պահին մենք տեսնում ենք, որ առնվազն Իսրայելը չի ցանկանում որևէ միջնորդական ծառայության դիմել և ընդհանրապես կարգավորման խաղաղ ճանապարհով գնալ», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կոչ է անում Թեհրանին և Թել Ավիվին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, որպեսզի հետո դուրս գան կարգավորման խաղաղ քաղաքական և դիվանագիտական ​​ուղու վրա։
ԻՀՊԿ-ի ևս մեկ բարձրաստիճան զինվորական է սպանվել. ՑԱԽԱԼ
Պեսկովը նաև ընդգծել է, որ Կրեմլը տեղյակ է թեմայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարություններից։
«Իրավիճակը մտահոգիչ է։ Իհարկե, մենք տեսել և լսել ենք այդ հայտարարությունները», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թեհրանի բնակիչներին ուղղված Թրամփի կոչը, ինչպես նաև Նեթանյահուի հայտարարությունը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հնարավոր վերացման մասին։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։