ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Իրանա-իսրայելական հակամարտության սրացման պատճառով Բեթղեհեմում արգելափակված հայ զբոսաշրջիկներն արդեն Եգիպտոսում են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց JERUSALEM TRAVEL ընկերության ներկայացուցիչ Արփինե Ալոյանը։
Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ Հայաստանի 17 քաղաքացիներ հունիսի 10-ին մեկնել են Իսրայել, որտեղից պետք է հայրենիք վերադառնային հունիսի 17-ին։ Սակայն, իրանա-իսրայելական սրացման պատճառով պայմանավորված չեղարկված չվերթներով, նրանց վերադառնալու հետ կապված խնդիրներ են առաջացել։
«Իսրայելից Եգիպտոս ցամաքային ճանապարհով տարհանվել է 17 մարդ։ Նրանք նոր են հատել սահմանը և գտնվում են անվտանգության մեջ», - ասաց Ալոյանը։
Նրա խոսքով՝ նախնական տեղեկություններով, հայ զբոսաշրջիկները Եգիպտոսից հայրենիք կվերադառնան առաջին իսկ հնարավոր չվերթով, որը կկայանա երկու օրից։