ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik․ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում կպահպանի իր հռչակած կարմիր գծերը և չի շեղվի դրանցից։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Իրանը չի ձգտում պատերազմի սրմանը, բայց պատրաստ է ցանկացած սցենարի։ Մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում կամ տարածաշրջաններում, եթե այն մեզ չպարտադրվի»,- ասաց Սոբհանին՝ հավելելով, թե «փորձվածը փորձելը սխալ է»։
Նա նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին Իսրայելի սանձազերծած ագրեսիան վճռականորեն դատապարտելու, ինչպես նաև հայ ժողովրդին` աջակցության և զորակցության համար։
Պատասխանելով Ադրբեջանի կողմից Սյունիքում հնարավոր ագրեսիայի և «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հարցին՝ դեսպան Սոբհանին շեշտեց՝ Իրանը ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին նաև այն համատեքստում, որ Իսրայելը կփորձի առանձին երկրներ օգտագործել իր շահերի համար։ Նրա խոսքով՝ Իրանը կապի մեջ է տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Եվս մեկ անգամ ընդգծեց՝ Իրանի կարմիր գծերը հստակ են։
«Կարմիր գծերը մեր կենսական գծերն են, և երբեք Իրանի դիրքորոշումներն իր կարմիր գծերի վերաբերյալ չի փոխվի։ Իհարկե, մենք հավանականությունների աշխարհում ենք ապրում և որոշ հավանականություններ կարող են մտահոգիչ լինել։ Սակայն մենք իրողությունների և փաստերի հետ ենք առնչվում, պահպանում ենք մեր զգոնությունը։ Կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը ևս հետևում է զարգացումներին։ Մենք շատ սերտ կապեր ունենք և անընդհատ ՀՀ կառավարության հետ խորհրդակցություններ ենք անցկացնում»,- ասաց Հայաստանում Իրանի դեսպանը։
Հավելեց՝ երկրների այսօր ցուցաբերած վարքագիծը նաև հետագայում կազդի նրանց հետ հարաբերությունների վրա։
«Բարեկամին և թշնամուն ճանաչում են ծանր իրավիճակներում»,- ասաց դեսպան Սոբհանին։
Նրա կարծիքով՝ տարածաշրջանի բոլոր երկրները ցանկանում են, որ լարվածությունը չսրվի, քանի որ դա բխում է բոլոր երկրների շահերից։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։