ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իրենց հարվածի հետևանքով սպանվել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի (ՀՕՊ ուժերի շտաբ) «Խաթամ ալ-Անբիա»–ի նոր պետ Ալի Շադմանին։
ՑԱԽԱԼ–ը հայտնում է, որ հարվածը հասցվել է Իրանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հրամանատարական կենտրոնին։
Իրանական պաշտոնական աղբյուրները դեռևս չեն մեկնաբանել այս հայտարարությունը։
Ալի Շադմանին համարվում էր ԻՀՊԿ-ի վետերաններից մեկը, նա այդ կառույցում է 1979 թվականից։
Վաղ առավոտյան Իրանի Թավրիզում (Արևելյան Ադրբեջան նահանգի վարչական կենտրոն) երկու պայթյուն է որոտացել։ Mehr գործակալության տվյալներով՝ երեք մարդ զոհվել է, չորսը տուժել են։
Իրանն իր հերթին հրթիռային հարվածներ է հասցնում Թել Ավիվի կենտրոնին։ Fars-ը հայտնում է, որր նախնական տեղեկություններով` հարձակման հետևանքով 8-հարկանի շենք է փլուզվել։ Հաղորդվում է նաև, որ գիշերը Իսրայելի տարածքին կետային հարվածներ են հասցվել։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։