ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Իտալական Sportitalia պարբերականի լրագրող Տանկրեդի Պալմերին Լոս Անջելեսում Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին է փոխանցել տաքսու հայ վարորդի երախտիքի խոսքերը։
Տաքսու հայ վարորդը լրագրողի հետ զրույցում ասել է, թե որքան հիացած է Մխիթարյանով ու շնորհակալություն է հայտնել հայ ֆուտբոլիստին։
«Շատ շնորհակալ եմ, որ դու մեր լավագույն ֆուտբոլիստն ես», – ասել է վարորդը։
Ի պատասխան՝ Հենրիխ Մխիթարյանը տեսախցիկի առաջ հայերենով արձագանքել է. «Շատ շնորհակալ եմ։ Հուսով եմ՝ լավ եք, ու մի օր կհանդիպենք։ Հաջողություն»։
Նշենք, որ այս պահին «Ինտերը» գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ պատրաստվում է աշխարհի ակումբային առաջնությանը։ Միլանյան ակումբն իր առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը՝ Երևանի ժամանակով 05։00-ին, մեքսիկական «Մոնտերեի» դեմ։