Անմահի պես ոգևորվել է. Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի գրառումներին

Սամվել Կարապետյանի տան մոտից տասնյակ մարդկանց են տարել ոստիկանական բաժանմունք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Russia Today–ի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի մասին հայտարարություններին։
«Էֆենդի Փաշինյանը, որը ձևացնում է, թե ինքը բոլոր հայերի պաշտպանն է, հենց հիմա Հայաստանում փորձում է ձերբակալել բոլոր հայերի իսկական պաշտպան Սամվել Կարապետյանին։ Հայոց հոգևոր առաջնորդ Գարեգին Բ Կաթողիկոսի հետ հանդիպելու համար: Անմահի պես ոգևորվել է»,- գրել է Սիմոնյանը Telegram–ում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն է սկսվել այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Գործարարի տան մոտից տասնյակ մարդիկ են տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։ Սամվել Կարապետյանն առայժմ ձերբակալված չէ։
Այդ հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ է արել։
Իրավիճակին արդեն արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է գործարար Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Մայր աթոռը իշխանություններին կոչ է արել դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը:
Գործարարի նկատմամբ ՀՀ իշխանությունների գործողությունները դատապարտել է նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Սամվել Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերն է, նաև խոշոր բարերար. նրա միջոցներով Հայաստանում կառուցվում են բազմաթիվ հաստատություններ, իրականացվում սոցիալական մի շարք ծրագրեր։