ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Թեհրանը շարունակում է հավատարիմ մնալ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին և առաջվա պես կարծում է, որ նման զենքը տեղ չունի Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Ազգային անվտանգության և արտաքին հետախուզության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը երեկ հայտարարել է` ժամանակն է, որ Իրանը դուրս գա այդ պայմանագրից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երկրի խորհրդարանը քննարկում է այդ հարցը։
Բաղային հայտնել է, որ Իրանի ԱԳՆ–ն համակարգում է այդ քննարկումը։
Ինչ վերաբերում է միջուկային գործարքի վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների, ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի կարծիքով` Իսրայելի կողմից շարունակվող հարվածների համատեքստում իմաստ չունի բանակցել ամերիկյան կողմի հետ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն` որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, պարտավոր է ճանաչել և դատապարտել Իսրայելի ագրեսիան։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։
Ըստ ԶԼՄ–ների` իսրայելական հարձակումների հետևանքով Իրանում 220 մարդ է մահացել։