ՌԴ–ն ուկրաինական կողմին է փոխանցել զինծառայողների 6060 մարմին. Մեդինսկի

Վլադիմիր Մեդինսկին նշել է, որ գերիների փոխանակումը շարունակվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել զինծառայողների 6060 մարմին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական և ռուսական բանակցային պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
«Ընդհանուր առմամբ Ուկրաինայի զինված ուժերի զոհված սպաների և զինվորների 6060 մարմին է փոխանցվել ուկրաինական կողմին», - գրել է նա Telegram–ում։
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը Ուկրաինայից 78 մարմին է ստացել։
ՌԴ նախագահի օգնականը շեշտել է, որ ռուսական և ուկրաինական կողմերի միջև գերիների փոխանակումը շարունակվում է։ Կարգավորվել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջնագծից ծանր վիրավորների շտապ բժշկական տեղափոխումը։
Հիշեցնենք` Ռուսաստանն ու Ուկրաինան հունիսի 2-ին բանակցությունների երկրորդ փուլ անցկացրին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Հանդիպման ընթացքում կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրեր փոխանակեցին և պայմանավորվեցին գերիների լայնածավալ փոխանակում իրականացնել։
Մինչև 25 տարեկան ռազմագերիների առաջին խումբը փոխանակվեց հունիսի 9-ին, 2-րդը` հունիսի 10-ին, 3-րդը` հունիսի 12–ին։ Եվս մեկ փոխանակում էլ իրականացվեց հունիսի 14-ին։