ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր զրուցել են հեռախոսով և քննարկել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Զրույցի հիմնական թեման եղել է Մերձավոր Արևելքում կտրուկ սրված իրադրությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուս և թուրք առաջնորդները դատապարտել են Իրանի դեմ Իսրայելի ուժային գործողությունը:
«Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել իրանա-իսրայելական հակամարտության շարունակվող էսկալացիայի կապակցությամբ, որն արդեն հանգեցրել է մեծ թվով զոհերի և հղի է երկարաժամկետ ծանր հետևանքներով ամբողջ տարածաշրջանի համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։
Վերջին տվյալներով` իսրայելա-իրանական հակամարտության հետևանքով Իրանում 220 մարդ է մահացել, վիրավորվել է ավելի քան 900-ը, Իսրայելում կա 18 զոհ և 414 վիրավոր։