ՄԻՊ–ը խստորեն դատապարտել է կարմիրբերետավորի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը

Մարդու իրավունքների պաշտպանը պահանջել է, որ իրավասու մարմինները պատշաճ քննություն իրականացնեն լրագրողի նկատմամբ բռնություն իրականացնելու դեպքով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտել է ոստիկանության ծառայողի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ գրասենյակը։
Նշենք, որ այսօր քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ կարմիրբերետավորներից մեկը հարվածել է 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին։
«ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է ոստիկանության ծառայողի կողմից լրագրող Մերի Մանուկյանի մասնագիտական գործունեությունը առերևույթ խոչընդոտելու և նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպք: Լրագրողների համար պետք է երաշխավորված լինի մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար պատշաճ միջավայր»,–նշել է Մանասյանը։
Պաշտպանը պահանջել է, որպեսզի իրավասու մարմինները պատշաճ քննություն իրականացնեն նշված դեպքով:
Բացի այդ, մարդու իրավունքների պաշպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը հունիսի 16-ին մեկնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժին՝ Քասախում բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում:
«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ ոստիկանությունում կազմված փաստաթղթերը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բողոքի ակցիայի մասնակիցների իրավունքներին առնչվող հարցերի և լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքի առնչությամբ ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից:
Հիշեցնենք` այսօր քասախցիները կրկին փորձում են փակել Երևան-Աշտարակ մայրուղին, քանի որ տրանսպորտի հարցը չի լուծվում։ Նրանք պահանջում են երթուղում վերականգնել 59 համարի ավտոբուսը։ Բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 11 անձ։ Հենց այդ ընթացքում էլ կարմիրբերետավորներից մեկը հարվածել է 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին։