ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն է թույլ տվել Իսրայելին հարձակվել Իրանի վրա։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս հայտարարությունն արել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ելույթ ունենալով խորհրդարանի առջև։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել էր` Թեհրանը տվյալներ ունի, որ ԱՄՆ–ն է օգնում Իսրայելին։
«Ամերիկան, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի, թույլ է տալիս Իսրայելին ագրեսիա իրականացնել և հարձակվել մեր երկրի վրա»,– ասել Է Իրանի նախագահը:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։