Թրամփը հայտարարել է, որ «բաց է» այն տարբերակի առաջ, որ Պուտինը հանդես գա որպես միջնորդ

Միևնույն ժամանակ, ԱՄՆ առաջնորդը չի բացառում ԱՄՆ-ի ապագա մասնակցությունը Իսրայելի և Իրանի հակամարտությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Մերձավոր Արևելքում սրված իրավիճակի ֆոնին ABC News հեռուստաալիքին ասել է, որ «բաց է» այն տարբերակի առաջ, որպեսզի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը որպես միջնորդ հանդես գա իսրայելա-իրանական հակամարտության կարգավորման հարցում:
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ն «ոչ մի կապ չի ունեցել» Իրանի վրա Իսրայելի հարձակումների հետ, որոնք տեղի են ունեցել կիրակի գիշերը:
«Թրամփը նաև ասել է, որ «բաց կլինի» հակամարտության հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդության համար: «Նա (Պուտինը- խմբ.) պատրաստ է։ Նա այդ առիթով զանգել է ինձ: Մենք երկար զրույց ենք ունեցել այդ մասին»,-հեռուստաալիքը փոխանցում է Թրամփի խոսքերը։
Միաժամանակ Թրամփը նշել է, որ չի բացառում ԱՄՆ-ի ապագա մասնակցությունը Իսրայելի և Իրանի հակամարտությանը:
«Նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին ասել է, որ «մենք կարող ենք միջամտել» Իսրայելի և Իրանի միջև շարունակվող հակամարտությանը»,-հայտնում է հեռուստաալիքը:
Շաբաթ օրը Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Թրամփը զրույցից հետո հայտարարել է, որ կիսում է Պուտինի կարծիքը Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։