ԵՐԵՎԱն, 15 հունիսի - Sputnik. Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով պայթյուն է տեղի ունեցել Թեհրանի հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությանը մոտ։ Փշրվել են խմբագրության ապակիները։
Թերթի խմբագրությունից «Փաստինֆո»-ին տեղեկացրել են, որ որոշ ժամանակ թերթը տպագիր տարբերակով լույս չի տեսնելու։
Թերթի խմբագիր Արամ Շահնազարյանի փոխանցմամբ՝ հարվածը եղել է խմբագրության շենքից մի քանի շենք այն կողմ։ Ավերվել են երկու քաղաքացիական շենքեր, կա նաև քաղաքացիական զոհերի մասին տեղեկություն։
«Այս պահին խմբագրակազմը զբաղված է տարածքի կարգի բերելու աշխատանքներով, որպեսզի հետագայում կարողանանք վերականգնել նաև թերթի տպագրությունը»,- նշել է Շահնազարյանը։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեցԻրանը հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։