ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. ԲՐԻԿՍ-ի վերաբերյալ համաժողովին մասնակցող 14 ռուս գիտնականներից բաղկացած խումբը տարհանվել է իրանա-իսրայելական հակամարտության գոտուց: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ կրթության և գիտության նախարարությունից:
Հստակեցվում է, որ պատվիրակության կազմում եղել են Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ՝ ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Վասիլի Կուզնեցովը և ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Եվդոկիա Դոբրևան:
«Ռազմական գործողությունների սկսվելուց հետո գիտնականները տեղափոխվել են Ռուսաստանի դեսպանատան տարածք, որտեղից այսօր մեկնել են Ադրբեջան։ Այս պահին խումբն արդեն հատել է սահմանը, նրա անվտանգությանը ոչինչ չի սպառնում»,-հավելել են նախարարությունում։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։