Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ավանդական արժեքների պաշտպանության թեման ծագել է ոչ թե որպես բանավեճի տարր, այլ որպես պատասխան ռուսական պետականությանը սպառնացող ներքին գործընթացներին:
«Ռոսիա 1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում նա նշել է, որ սկսել է բարձրացնել այդ թեման, երբ նկատել է արևմտյան մեյնսթրիմի գաղափարները «քաղաքակիրթ ընտրության» անվան տակ ռուսական հասարակությանը պարտադրելու փորձեր:
«Ես սկսեցի այդ մասին խոսել այն ժամանակ, երբ տեսա, որ շարժում է տեղի ունենում երկրի ներսում, հասարակության ներսում, արևմտյան մեյնսթրիմի գաղափարները Ռուսաստանի ժողովուրդների գիտակցություն ներդնելու ցանկություն։ Ոչ այն պատճառով, որ որոշել էի ինչ-որ մեկի հետ վիճել, այլ որպեսզի ներսից խոչընդոտեմ ռուսական պետականության փլուզմանը»,-ընդգծել է Պուտինը։
ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո, որը, Պուտինի կարծիքով, շատ առումներով կիսում է ավանդական արժեքները, մարդիկ ամբողջ աշխարհում, որոնք նախկինում չէին համարձակվում բացահայտ արտահայտվել, սկսեցին ավելի ակտիվ արտահայտել իրենց դիրքորոշումը:
«Թիկունքում նստած մարդիկ, որոնք լռում էին` չցանկանալով առերեսվել լիբերալ գլոբալիստների տոտալիտար մոտեցմանը, նույնպես սկսեցին արտահայտել իրենց տեսակետը, այդ թվում` քաղաքական թատերաբեմում»,- նշել է նա:
Նախագահը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն, որպես աշխարհի առաջատար երկրներից մեկը, զգալի ազդեցություն ունի գլոբալ և ազգային տնտեսությունների վրա, ինչպես նաև հզոր տեղեկատվական ռեսուրս: Սա ուժգնացնում է այնտեղ տեղի ունեցող քաղաքական և մշակութային գործընթացների նշանակությունը։
Պուտինը հիշեցրել է, որ չնայած էթնիկ և կրոնական բազմազանությանը, Ռուսաստանի ժողովուրդներին միավորում է ընդհանուր բարոյական հիմքը, որի հիմքում ընկած են ավանդական արժեքները:
«Ռուս մարդը և, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի բոլոր ժողովուրդները, որոնք միասին ապրում են դարեր շարունակ, ընդհանուր բարոյական սկզբնաղբյուր ունեն: Դա է ավանդական արժեքների հիմքում»,-ասել է նա։
Պետության ղեկավարը նախազգուշացրել է, որ այդ արժեքներից հրաժարվելը հղի է ռուսական ինքնության կորստով։
«Եթե մենք չհիմնվենք մեր ավանդական արժեքների վրա, մենք պարզապես չենք լինի։ Ռուսաստանը կկորցնի իր ինքնությունը, իսկ դա չափազանց վտանգավոր է նրա ապագայի համար»,-հայտարարել է նա։
Պուտինը նաև նշել է, որ ավանդական արժեքների վերաբերյալ Ռուսաստանի տեսակետները աջակցություն են գտնում ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս: «Արևմտյան Եվրոպայում և Ամերիկայում նույնպես քիչ չեն մարդիկ, որոնք կիսում են մեր դիրքորոշումը։ Հուսով եմ, որ մեր ազնիվ և բաց դիրքորոշումն օգնել է նրանց, ովքեր նույն կերպ են մտածում, ինչ մենք»,-ասել է նա։
Սաիդա Մեդվեդևայի և Պավել Զարուբինի «Ռուսաստան. Կրեմլ. Պուտին, 25 տարի» վավերագրական ֆիլմի պրեմիերան կայացել է մայիսի 4-ին «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում։ Հարցազրույցի նոր հատվածները հրապարակվել են կիրակի օրը Զարուբինի Telegram-ալիքում։