Նեթանյահուի որդու հարսանիքը հետաձգվել է Իրանի հետ հակամարտության պատճառով

Միջոցառումը պետք է կայանար վաղը, բայց հետաձգվել է արդեն երկրորդ անգամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդու հարսանիքը հետաձգվել է Իրանի հետ հակամարտության սրման ֆոնին, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:
Ավներ Նեթանյահուի և Ամիտ Յարդենիի հարսանիքը պետք է կայանար երկուշաբթի՝ հունիսի 16-ին:
Ավելի վաղ հարսանիքի անցկացման ծրագրերը քննադատության էին արժանացել ընդդիմադիր տրամադրված քաղաքացիների կողմից: Դժգոհություն էր առաջացրել տոնակատարություն կազմակերպելու մտադրությունը Գազայում իսրայելցի գերիների լինելու ֆոնին։
Ynet-ի տեղեկություններով՝ Ավներ Նեթանյահուն խնդրել էր Կնեսետի ոչ մի անդամի չհրավիրել արարողությանը։
Նշենք, որ միջոցառումը արդեն երկրորդ անգամ է հետաձգվում։ Անցյալ տարի հարսանիքը չեղարկվել էր ԱԹՍ-ների հարվածների սպառնալիքի պատճառով։ Դրանցից մեկը հարվածել էր վարչապետի մասնավոր նստավայրին, երբ նա տանը չէր եղել։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։