Իսրայելը ոչնչացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին. Նեթանյահու

Իսրայելական հետախուզությունը տվյալներ է ստացել այն մասին, որ Իրանը, իբր, պատրաստվում էր միջուկային զենք փոխանցել Եմենում հութիների շարժմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը ոչնչացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին:
«Կարող եմ ձեզ տեղեկացնել, որ մի քանի րոպե առաջ Թեհրանում խոցվել են նաև հետախուզության գլխավոր սպան և նրա տեղակալը։ Որովհետև մենք հիմա Թեհրանի երկնքում ենք, մեր օդաչուները, մեր քաջ օդաչուները երկնքում են: Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտները, միջուկային օբյեկտները»,-Fox News հեռուստաալիքին ասել է Նեթանյահուն։
Նա հավելել է, որ իսրայելական հետախուզությունը տվյալներ է ստացել այն մասին, որ Իրանը, իբր, պատրաստվում էր միջուկային զենք փոխանցել Եմենում հութիների շարժմանը:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։