ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել Է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սաիդ Խաթիբզադեն։
«Իսրայելական ռեժիմը դաժան հարձակում է իրականացրել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում ՝ Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի դիմաց։ Այդ հարձակման հետևանքով տուժել են մի քանի խաղաղ քաղաքացիներ, այդ թվում՝ իմ մի քանի գործընկերներ, որոնց տեղափոխել են հիվանդանոց», - ասել է Խաթիբզադեն, նրա խոսքը մեջբերում է իրանական «Tasnim» պետական գործակալությունը։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։
Ըստ ԶԼՄ–ների` իսրայելական հարձակումների հետևանքով Իրանում 220 մարդ է մահացել։