ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Իրանը ռեկորդային թվով հրթիռներ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ «Ճշմարիտ խոստում 3» գործողության երկրորդ ալիքի ընթացքում, որն անցկացվել է շաբաթ երեկոյան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրանական Fars պետական գործակալությանը։
«Իսրայելի դեմ ԻՀՊԿ-ի գործողության երրորդ ալիքը` հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ, սկսվել է այսօր կեսօրին, նախատեսվածից շուտ։ Այս գործողությունն իրականացվում է ի պատասխան Իսրայելի անմարդկային վայրագությունների։ «Ճշմարիտ խոստում- 3» գործողության երկրորդ ալիքը, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ուղեկցվել է արձակված հրթիռների քանակի և հարվածների ճշգրտության ռեկորդով»,-գործակալությանը հայտնել է աղբյուրը:
Ընդ որում, Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների կոնկրետ քանակը նա չի հստակեցրել։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։