ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Իրանում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժինը դադարեցնում է աշխատանքը: Այս մասին հայտնել է Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը՝ Իրանի և Իսրայելի միջև փոխադարձ հարվածների ֆոնին:
«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ դեսպանության հյուպատոսական բաժինը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը։ Հյուպատոսական ընդունելության վերսկսման մասին լրացուցիչ կտեղեկացվի»,-հայտնել է դիվանագիտական ներկայացուցչությունն իր Telegram-ալիքում։
Ավելի վաղ դեսպանատնից ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ աշխատում են Իրանից ռուսաստանցիների տարհանման ուղղությամբ:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։