Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան, Sputnik Արմենիային հայտնեցին ԱԳՆ-ից
«Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները հանդես են եկել համապատասխան հաղորդագրություններով՝ տրամադրելով անհրաժեշտ կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով մշտական կապ է պահպանվում ՀՀ քաղաքացիների հետ: Մշտական կապ է պահպանվում նաև հավատարմագրման երկրի իշխանությունների հետ»,-հայտնեցին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։
Հավելենք, որ Իրանում բնակվում է մոտ 50 հազար, Իսրայելում՝ ավելի քան 10 հազար հայ։