ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Իրանի ոստիկանությունը իսրայելական «Մոսադ» հետախուզության երկու գործակալի է ձերբակալել երկրի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Ալբորզ նահանգում, հաղորդում է ISNA գործակալությունը:
«Ալբորզ նահանգի ոստիկանության հետախուզական ստորաբաժանման ուժերի աշխատանքի շնորհիվ ձերբակալվել է «Մոսադ» ահաբեկչական խմբավորման երկու անդամ, որոնք Սավոջբոլաղում զբաղվում էին ռումբերի, պայթուցիկ նյութերի, ական-թակարդների և էլեկտրոնային սարքավորումների ստեղծմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։