ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Գյումրիում գրանցված ուժեղ քամու և կարկուտի պատճառով քաղաքում վնասված թաղմասերի իրավիճակով մտահոգված՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գեներալ- մայոր Ալեքսանդր Բեզբորոդովը Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանին առաջարկել է ռազմաբազայի աջակցությունը տեխնիկայի և մարդկային ռեսուրսների տեսքով՝ վնասների վերացման և մաքրման աշխատանքների նպատակով։
Փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունից շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ուշադրության և աջակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ նման դրսևորումները հատկապես դժվարին պահերին խոսում են գործընկերային հարաբերությունների և փոխադարձ հարգանքի մասին։
Նա նշել է, որ քաղաքապետարանի ծառայությունները կարողացել են առայժմ սեփական ուժերով վերահսկել իրավիճակը, սակայն անհրաժեշտության դեպքում ռազմաբազայի աջակցությունը անպայման կարժանանա դիտարկման և գնահատման։
Հունիսի 14-ի երեկոյան Գյումրիում տեղացած հորդառատ կարկուտը և ուժեղ քամին զգալի վնաս են հասցրել քաղաքի ենթակառուցվածքներին։ Մասնավորապես, մի շարք թաղամասեր հոսանքազրկվել էին։