ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik․ Երևանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և հակառակ ուղղությամբ չվերթերի մի մասն իրականացվել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Ավիաընկերությունները փոփոխել են երթուղիները․ չվերթերն իրականացվում են՝ շրջանցելով Իրանի և Իսրայելի օդային տարածքները։
«Չեղարկվել են «Air Arabia» ավիաընկերության Աբու Դաբի և Շարժա չվերթերը, մեկնարկել են «Wizz Air»-ի Երևան– Աբու Դաբի և «Fly Dubai»-ի Երևան–Դուբայ թռիչքները։
ՌԴ-ից դեպի Էմիրություններ ուղևորվող և Երևանում հարկադիր վայրէջք կատարած 3 ինքնաթիռները գիշերը մեկնել են։
Իրանի օդային տարածքը շարունակում է փակ մնալ։ Չվերթեր չեն իրականացվում նաև դեպի Իսրայել։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ: