ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել ևս 1200 զինծառայողի մարմին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինան ոչ մի մարմին չի փոխանցել Ռուսաստանին»,– գրում է գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցի` այժմ գերիների փոխանակում է իրականացվում։
Ռուսաստանի նախագահի օգնական, ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հունիսի 11-ին հայտնել էր, որ ՌԴ-ն Ուկրաինային է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի 1212 զինծառայողի մարմին, ստացել է 27 զոհված ռուս մարտիկի մարմին։ Եվս 1200 մարմին Ուկրաինային է փոխանցվել հունիսի 13-ին։
Հիշեցնենք` Ռուսաստանն ու Ուկրաինան հունիսի 2-ին բանակցությունների երկրորդ փուլ անցկացրին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Հանդիպման ընթացքում կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրեր փոխանակեցին և պայմանավորվեցին գերիների լայնածավալ փոխանակում իրականացնել։
Մինչև 25 տարեկան ռազմագերիների առաջին խումբը փոխանակվեց հունիսի 9-ին, 2-րդը` հունիսի 10-ին, 3-րդը` հունիսի 12–ին։