ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական օդուժը կրկին կհայտնվի Թեհրանի երկնքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Թեհրանի երկնքում։ Մենք հարվածներ կհասցնենք այաթոլլաների ռեժիմի յուրաքանչյուր օբյեկտի և յուրաքանչյուր թիրախի», - ասել է Նեթանյահուն տեսաուղերձում:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ: