Իսրայելական ԱԹՍ–ն հարվածել է Իրանի «Հարավային Պարս» գազային հանքավայրի օբյեկտներին. կադրեր

Հարվածից հետո հրդեհ է բռնկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է Իրանի «Հարավային Պարս» գազային հանքավայրի օբյեկտներին: Տեղեկությունը հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը։
«Մեկ ժամ առաջ իսրայելական անօդաչու սարքը հարձակվել է «Հարավային Պարս» գազային հանքավայրի արդյունաբերական ձեռնարկություններից մեկի վրա, ինչը հանգեցրել է հզոր պայթյունի», - ասվում է հաղորդագրության մեջ:
Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։
Գործակալությունը նշում է, որ վնասի ծավալը դեռեւս դժվար է պարզել, սակայն, աշխատողների խոսքով, պայթյունի ձայնը շատ ուժեղ է եղել:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ: