Հռոմի պապը ողջամտության կոչ է արել Իրանին և Իսրայելին

Հռոմի պապն ընդգծել է` ավելի անվտանգ մոլորակի կառուցումը պետք է իրականացվի հանդիպումների և անկեղծ երկխոսության միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Հռոմի պապ Լևոն 14-րդը պատասխանատվության և ողջախոհության կոչ է արել Իրանին ու Իսրայելին: Այս մասին նա հայտարարել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած ընդունելությունից հետո։
«Այս օրերին լուրեր են գալիս, որոնք մեծ տագնապ են առաջացնում. լրջորեն վատացել է իրավիճակը Իրանում և Իսրայելում: Նման զգայուն պահին ես կցանկանայի խստորեն կրկնել պատասխանատվության և ողջախոհության կոչը», - հայտարարել է Հռոմի պապը։
Նա ընդգծել է, որ միջուկային սպառնալիքից զերծ ավելի անվտանգ մոլորակի կառուցումը պետք է իրականացվի հանդիպումների և անկեղծ երկխոսության միջոցով՝ արդարության, եղբայրության և ընդհանուր բարօրության վրա հիմնված կայուն խաղաղություն ստեղծելու համար:
«Ոչ ոք երբեք չպետք է սպառնա մյուսի գոյությանը. բոլոր երկրների պարտքն է աջակցել խաղաղության գործին՝ բացելով հաշտեցման ուղիներ և առաջ մղելով լուծումներ, որոնք անվտանգություն ու արժանապատվություն կերաշխավորեն բոլորի համար», - ասել է Հռոմի պապը:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ: