Հայտնաբերվել է «Air India»-ի կործանված ինքնաթիռի երկրորդ «սև արկղը». ԶԼՄ

Երկրորդ ինքնագրիչը հայտնաբերվել է այս գիշեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. «Air India» ավիաընկերության «Boeing 787-8» ինքնաթիռի երկրորդ ինքնագրիչը, որի կործանման հետևանքով, ըստ վերջին տվյալների, Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Ահմադաբադ քաղաքում 274 մարդ է մահացել, հայտնաբերվել է աղետի վայրում: Տեղեկությունը հայտնում է հնդկական NDTV հեռուստաալիքը։ Ինքնաթիռի ինքնագրիչը հայտնաբերվել է ուրբաթ լույս շաբաթ գիշերը։
Երեկ հեռուստաալիքը հաղորդել էր «Air India»-ի երկու «սև արկղերից» առաջինի հայտնաբերման մասին, որը ձայնագրում է ցամաքի հետ բանակցությունները և օդաչուների խցիկում անձնակազմի խոսակցությունները:
Հաղորդվում է նաև, որ Դելիում այսօր Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարի նախագահությամբ անցկացվել է աղետի հետաքննության կազմակերպչական հարցերի շուրջ բարձր մակարդակի խորհրդակցություն, որից հետո կառավարության ստեղծած ողբերգության հետաքննության կոմիտեի անդամները կմեկնեն Ահմադաբադ:
Հիշեցնենք` «Air India» ընկերությանը պատկանող «Boeing 787» ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո կործանվել է Ահմադաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում։ Ըստ «Flightradar»–ի` ազդանշանն անհետացել է թռիչքից գրեթե մեկ րոպե անց։
Ինքնաթիռում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր, 2 օդաչու և անձնակազմի ևս 10 անդամ։ Օդանավում գտնվողներից 169–ը Հնդկաստանի քաղաքացիներ են, 53–ը՝ Մեծ Բրիտանիայի, 7–ը՝ Պորտուգալիայի, 1–ը՝ Կանադայի:
Հնդկաստանում կործանված ինքնաթիռի ողջ մնացած ուղևորը դուրս է թռել այնտեղից. տեսանյութ