Թրամփն ասել է, որ տեղյակ է եղել Իրանին հարվածներ հասցնելու իսրայելական ծրագրերի մասին

Հունիսի 12-ին Թրամփը հեռախոսով զրուցել է Իսրայելի վարչապետի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իմացել է, որ Իսրայելը պատրաստվում է հարվածներ հասցնել Իրանին։ Թրամփն այդ մասին հայտնել է «The Wall Street Journal»–ին։
Նա ասել է, որ ինքն ու իր թիմը գիտեին, թե ինչ է կատարվում։
Թրամփը հավելել է, որ հունիսի 12-ին հեռախոսով զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և նախատեսում է կրկին զրուցել հունիսի 13-ին:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։