ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունից հետո տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ Մոսկվան դատապարտում է Իսրայելի գործողությունները, որոնք կատարվել են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ հետևողականորեն հանդես է գալիս Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու օգտին՝ առաջ քաշելով փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու կոնկրետ նախաձեռնություններ:
Իսրայելի վարչապետի հետ զրույցում Պուտինն ընդգծել է բանակցություններին վերադառնալու և ուժային մեթոդներից հրաժարվելու կարևորությունը: Նա հայտնել է որպես միջնորդ հանդես գալու Ռուսաստանի պատրաստակամությունը՝ լարվածության հետագա սրացումը կանխելու համար։
Կրեմլը նաև հայտնել է, որ ռուսական կողմը կշարունակի ջանքեր գործադրել Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը նվազեցնելու համար՝ պահպանելով քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղեգիծը:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։